Էկվադորի կառավարությունը սկսել է մամուլի ազատության համար պայքարող երկրի վերջին հասարակական կազմակերպության փակման գործընթացը : Զանգվածային հաղորդակցության նախարարությունում նշել են, որ Fundamedios կազմակերպությունը խախտել է լրատվամիջոցների մասին նոր օրենսդրությունը՝ «Թվիթերում» տեղադրելով այնպիսի բլոգերի ու հոդվածների հղումներ, որոնք իշխանությունների հասցեին քննադատություն են պարունակում:

Կազմակերպությանը ուղարկվել է համապատասխան նամակ:

ՀԿ տնօրեն Ցեզար Ռիկուարտեն հայտարարել է, որ Fundamedios -ն հայտնվել է կառավարության տեսադաշտում, որովհետեւ քննադատում էր լրագրողների վրա ֆիզիկական հարձակումները ու պաշտպանում մամուլի ազատությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անցած տարի Էկվադորում չորս թերթ է փակվել այն բանի համար, որ դրանց ներկայացուցիչները բարձրաձայնել են պետության կողմից ճնշումների մասին :

Երկրի նախագահ Ռաֆաել Կորեան իշխանության ղեկին է 2006 թ-ից : Նա նաեւ մտադիր է սահմնադրական բարեփոխում անել, որը կվերացնի վերընտրվելու սահմանափակումները: