Լոռու մարզի Կողես գյուղի գյուղապետ Արայիկ Ներսիսյանը դեռեւս չգիտի` հարակից Ձորագետի գյուղում գայլերի ոհմակի հարձակումից տուժած ոչխարների տիրոջը մարզպետարանը փոխհատուցում կտա, թե ոչ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետը:

«Ընդամենը 3 ժամ առաջ գելը հոշոտել է ոչխարին, հիմա ես գիտե՞մ` պատրաստվում ա փոխհատուցում տալ, թե չէ, այսինքն սաղ բրախել ենք, գնացել ենք մարզպետարան` էդ հարցը քննարկելու՞»,- հարցին հարցով պատասխանեց Արայիկ Ներսիսյանը:

Կողեսի գյուղապետը, այնուամենայնիվ, նշեց, որ գյուղապետարանը եւ մարզպետարանը կփորձեն օգնություն ցուցաբերել տուժած գյուղացուն:

«Մի հատ կգան, կնայեն, անասնաբույժին ուղարկել ենք, առաջին օգնությունը ցույց կտա, գոնե էդ վիրավոր ոչխարների մեջ անկում չունենան: Մյուսների պիտանելիությունը կստուգեն, նոր արդեն կտեսնենք` ինչ աջակցություն  ցուցաբերենք, կտեսնենք, մարզպետարանից մի բանով կօգնեն երեւի, բայց էս պահին պատրաստվում են փոխհատուցում տալ թե չէ, ես շա՞տ գիտեմ, ո՞նց կարող եմ ասել»,- ասաց գյուղապետը՝ ավելացելով, որ, այնուամենայնիվ, կփորձեն օգնել, դա կլինի հարկերի զիջման, կամ այլ տարբերակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետը, փոխմարզպետը եւ գյուղապետը:

Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով հետագա գործողությունները քննարկելու առնչությամբ: