Անհայտ մի հանցագործ օգոստոսի 10-ին «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա, այս մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հայտնել է լավատեղյակ մի անձ, որ չցանկացավ բացահայտել իր անունը:
Թերթի խմբագիր Հարութ Սասունյանի փոխանցմամբ, հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը գիշերը ժամը 3-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղեւորը դուրս է եկել մեքենայից եւ դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա եւ խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
Երբ Գլենդելի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից:
Թե Գլենդելի ոստիկանությունը, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:
Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական մի շենք հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգներում, եւ հավանաբար՝ ամբողջ աշխարհում:
Գլենդելի ոստիկանության մամուլի խոսնակը «Կալիֆորնիա կուրիեր»-ին ասել է, որ չի կարող որեւէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է:





























