Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից այսօր՝ սեպտեմբերի 10-ին, թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված դպրոցականների վիճակը բավարար է, ծանր հիվանդներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին Արտաշատի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են երեխաները:
«1-6-րդ դասարանների երեխաներ են մեզ մոտ տեղափոխվել: Նախնական տվյալներով՝ սննդային թունավորում են ստացել: Այս պահին հիվանդանոցում են նաեւ Երեւանից ժամանած մասնագետները»,- ասացին հիվանդանոցից:
Ավելի վաղ Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխաների վիճակը բավարար է, նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները:





























