«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ցանկանում է փակել մարզադաշտ մտնելու թեման, քանի որ նրան շարունակում են նոր սադրանքների մեջ ներքաշել՝ սպառնալից նամակներ գրելով: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը՝ ավելացնելով, որ իրեն վախի մթնոլորտում պահել փորձողները ֆեյսբուքյան անհայտ օգտատերեր են:
«Իմ ֆեյսբուքյան էջում ես հասարակությանը խնդրել եմ՝ այս թեման այլեւս չտարածել, որովհետեւ ինչպես նորմալ մարդիկ են այս թեման տաք պահում, այնպես էլ սադրիչները ավելորդ ինչ-որ լարվածություն են մտցնում: Իմ նկատմամբ միանշանակ սադրանքներ են եղել ու հիմա ինձ ներքաշում են նոր սադրանքների մեջ: Ֆեյսբուքյան անհայտ օգտատերեր նամակներ են գրում, ինչ-որ համարներ են փոխանցում, որ զանգեմ, հանդիպումներ են պահանջում: Ես ուզում եմ՝ այս թեման այլեւս չշոշափվի, ուզում եմ այս թեման ամբողջովի փակվի, սխալվել եմ՝ մարզադաշտում իրենց սադրանքների մեջ մտնելով իմ անհանդուրժողականության հաշվին»,-ասաց Շահեն Հարությունյան՝
Ակտիվիստի նշեց, որ չի կարող ասել, թե ում մարդիկ կարող են լինել իրեն սպառնացողները:
«Չգիտեմ՝ ում մարդիկ են, գրում ջնջում են հաշիվները, ես ընդհանրապես չեմ մանրանում, որ իմանամ՝ ինչն ինչոց է, իրենք էլ չեն մանրանում, ուղղակի ուզում են վախի մթնոլորտ սերմանել, բայց ասել եմ, որ այս թեմայով այլեւս չեմ ուզում խոսել»,-ասաց Շահեն Հարությունյանը՝ ավելացնելով, որ սադրիչներին չի հաջողվի իրեն վախի մթնոլորտում պահել:
Նշենք, որ սեպտեմբերի 7-ին, Հայաստան - Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շանթ Հարությունյանի որդի Շահենին հորդորել էր չկրկնել Հայաստան - Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածն ու չներխուժել խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հունիսի 13-ին հոր լուսանկարով շապիկով Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ներխուժել էր խաղադաշտ` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության խնդիրը:
Շահեն Հարությունյանի այս ակցիան ՀՖՖ-ին 25.000 եվրո է արժեցել:




























