Թուրքիայի քրդաբնակ Ջիզրեում, որտեղ փողոց դուրս գալու արգելքի ֆոնին ոստիկանները կրակում են ամեն շարժվող կետի վրա, հերթական զոհն է գրանցվել։

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին պատգամավոր Սիբել Յիղիթալփը թվիթերի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան Ջիզրեում ոստիկանները կրակել են երեխային  գրկած մոր վրա։ «Մայրը մահացել է, իսկ երեխան վիրավոր է»,-գրել է քուրդ կին պատգամավորը եւ նկարներ տեղադրել սարսափելի դեպքից։

Նշենք, որ Ջիզրեում նահանգապետը փողոց դուրս գալու արգելք է սահմանել, որից հետո ոստիկանները կրակում են ամեն շարժվող կետի ուղղությամբ։ Մինչ այս պահը դեռեւս չճշտված տեղեկություններով սպանվել է 10 քաղաքացի։