Հայաստանը ցանկանում է դադարեցնել ներգաղթյալների ապօրինի հոսքը դեպի Ֆրանսիա եւ համագործակցել օրինական եւ ժամանակավոր միգրացիայի ոլորտում։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած Կառավարության նիստից հետո հայտարարեց ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Համաձայնագիրը նախատեսում է աջակցել կամավոր հետ վերադառնալու ցանկություն ունեցող ապօրինի ներգաղթյալների վերաինտեգրմանը։ «Վերաինտեգրացումը կօգնի կասեցնել կրկնակի արտագաղթը»,- նշեց Եգանյանը։
Մյուս կողմից համաձայնագիրը կօգնի ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին անարգել մեկնել Ֆրանսիա՝ ուսումնական կամ աշխատանքային նպատակներով։





























