ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 23-ին Բեյրութ քաղաքում հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի մասնաճյուղի ղեկավար կազմի հետ:

Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Արցախի հետ կազմակերպության համագործակցությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում, միաժամանակ ընդգծելով համագործակցությունը որակապես նոր հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: Նա նշել է կրթական ոլորտին, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդների միջեւ շփումները էլ ավելի խորացնելու հիմնախնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելու կարեւորությունը:

Նույն օրը ԼՂՀ նախագահը հանդիպել է «Լիբանանահայ Օգնության Խաչ» (ԼՈԽ) կազմակերպության ղեկավար կազմի հետ: Շնորհավորելով ներկաներին կազմակերպության 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, նա ասել է, որ իր գործունեության ողջ ընթացքում «Լիբանանահայ Օգնության Խաչը» մեծ դերակատարություն է ունեցել ինչպես լիբանանահայության ազգային ինքնության պահպանման, այնպես էլ Հայրենիքին օգնություն ցուցաբերելու գործում:

Նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգրված է «Լիբանանահայ Օգնության Խաչի» հետ անմիջական համագործակցություն հաստատելու մեջ, ինչը նոր խթան կհանդիսանա լիբանանահայության եւ Արցախի միջեւ կապերի խորացման եւ ընդլայնման համար:  

Հանդիպումներին մասնակցել են ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: