Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հետեւողական է լինելու, որ «Մարգարյանի» հիվանդանոցում կատարված վիրահատությունից 14 օր անց մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի գործով անաչառ քննություն կատարվի:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզ կլինի քննության ավարտից հետո:
«Բացի ցավակցելուց և քննության ընթացքին հետևողական լինելուց՝ մահացողի ընտանիքին չեմ կարող այլ հարցով աջակցել: Այսօր իրավապահները զբաղվում են խնդրով, քննություն է ընթանում և պետք է սպասենք ավարտին: Հետևելու ենք, որ անաչառ քննություն ընթանա: Բժշկի հետ խոսել եմ դեպքի մասին»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Ավելի վաղ Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:
«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ: Ոչ մի բժիշկ էլ չի ասում, որ ինքը մեղավոր ա, դատաբժշկական փորձաքննությունը բոլոր հարցերին պատասխան կտա: Մենք ոստիկանություն ենք դիմել արդեն»,- ասել էին նրա հարազատները:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























