Արդեն չորրորդ օրը բողոքի ակցիա անցկացնող «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցները դադարեցրել են այսօր՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան Վանաձորի Հայքի հրապարակում սկսած նստացույցը՝ տեղի տալով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հորդորներին:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մարզպետը մոտեցել է քիմպրոմցիներին, հորդորել որոշ ժամանակով դադարեցնել նստացույցը:
«Ժողովուրդ ջան, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ձեզ մի տանջեք: Դուք եք որոշողը՝ ինչ քայլերի եք գնում, բայց եթե իմ խոսքը կլսեք, ասում եմ՝ մի քանի օր նման քայլերի մի դիմեք, համբերեք, էլի: Ես որ պատասխան ունենամ, ձեզ կասեմ»,- ասաց մարզպետը:
Քիմպրոմցիները, հարգելով մարզպետի խոսքը, հեռացել են՝ խոստանալով որոշ ժամանակ բողոքի ակցիաներ չանցկացնել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 10-ի առավոտը «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցներն սկսել են նստացույցով քաղաքի գլխավոր՝ Հայքի հրապարակում: Հավաքվածների խոսքով՝ բողոքի ակցիայի չորրորդ օրը նստացույցով սկսելն անհրաժեշտություն էր, քանի որ մինչեւ այժմ իրականացված բողոքի ցույցերն ու երթերը արդյունք չեն տալիս:
Քիմպրոմցիները պահանջում են մարել 8 ամսվա ընթացքում կուտակված աշխատավարձերի պարտքերը:





























