Ամերիկյան ոստիկանները փնտրում են այն գողին, ով մտել էր ուրիշի տուն ու հենց այնտեղից ինտերնետով վաճառել այդ տան ունեցվածքը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով FoxNews հեռուստաալիքը:

Մի անհայտ անձ մտել է Սաուրս ընտանիքի տուն ՝ Վաշինգթոնի նահանգում, այնտեղ ապրել որոշ ժամանակ ու միաժամանակ վաճառել տան իրերը:

Սաուրս զույգը 25 տարի ապրել էր այդ տանը ու որոշ ժամանակ առաջ էր տեղափոխվել նոր տուն: Սակայն հին տանը, որը ամուսինները մտադիր էին վաճառել, դեռ շատ իրեր ու տեխնիկա էր մնացել:

 Ընտանիքի հայրը անշարժ գույքի վաճառքի գործակալի հետ հանդիպում էր նշանակել հին տան մոտ ու շատ զարմացել է, երբ իր սեփական տան դիմաց տեսել է բեռնատար մեքենա: Տանտերը մտել է տուն ու խոհանոցում հայտնաբերել մի անծանոթ տղամարդու: Այն հարցին, թե ինչ է նա այդտեղ անում, տղամարդը պատասխանել է, որ եկել է միկրոալիքային վառարանի վաճառքի հայտարարությամբ: Հանկարծ տանտերը ու նրա անկոչ հյուրը աղմուկ են լսել ու տեսել եւս մեկ տղամարդու, ով փախել է տանից ու թաքնվել:

Ինչպես պարզվել է հետագայում ՝ գողը մի քանի օր ապրել էր ուրիշի տանը ու հասցրել էր վաճառել լվացքի մեքենան, սառնարանը, վառարանը, հեռուստացույցը, մատրացը ու գործիքները: Տանտերերն իրենց կորուստները գնահատում են 5 հազար դոլար: