Մի խումբ քաղաքական ուժեր Հանրային փրկության ճակատ են կազմավորելու, որի մեջ համախմբելու են ընդդիմությանը եւ պայքարելու են սահմանադրական փոփոխությունների դեմ: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում աշխատանքային հանդիպում են կազմակերպել ընդդեմ Սահմանադրական բարեփոխումների նախագծի:
Հանդիպմանը մասնակցել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգազսյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը եւ այլք: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն այս հանդիպմանը չի մասնակցել:
Հանդիպմանը բուռն բանավեճ է ծագել Հմայակ Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի մեջ: Հմայակ հովհաննիսյանը բղավում էր, որ անհրաժեշտ է միանալ «Ոչ»-ի ճակատին, որտեղ ավելի լայն համախմբում է ընթանում, նշում էր, թե հայրիկյանը խախտել է պայմանավորվածությունները: «Սա ինչ խայտառակություն է, չհամաձարկվեք ինձ ասել, թե որտեղ լինեմ ես»,- հակադարձեց Պարույր Հայրիկյանը:
Հանդիպման մասնակիցները սահմանադրության փոփոխությունների դեմ հայտարարության նախագիծն են քննարկել, որը հաստատելուց հետո ներկայացնելու են հանրության դատին:
Ընդդիմադիր գործիչները նաեւ քննարկել են ճակատի ձևավորման աշխատանքը, որից հետո քննարկելու են ժողովրդի մոբիլիզացիայի հարցերը։
Աշխատանքային հանդիպումները պարբերաբար են լինելու:




























