Բաղրամյան գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թադեւոսյանը պնդում է, որ դպրոցականներից միայն 4-5-ն են վատացել, մինչդեռ բժիշկները հոսպիտալացրել են ճաշարանից օգտված բոլոր երեխաներին:
«Երկար տարիներ մեզ սնունդ է մատակարարում անհատ ձեռներեց Գոհար Սարգսյանը: Ինքն ամեն օր թարմ մթերք է բերում, երեխաներն էլ օգտվում են: Այսօր էլ 4-5 երեխա է վատացել, բայց «Շտապօգնություն»-ը եկավ եւ բուֆետից օգտված բոլոր երեխաներին տարան հիվանդանոց: 38 երեխա են տարել հիվանդանոց, բայց բոլորն էլ լավ են, միայն մի քանիսը 37.1 ջերմություն ունեն, այն էլ ներշնչանքից է հաստատ»,- ասաց դպրոցի տնօրենը:
Թադեւոսյանի համար զարմանալի է, թե ինչու ամբողջ Հանրապետությունում այսօր երեխաների թունավորման մասին է խոսում, երբ իրականում միայն մի քանի երեխա վատ է զգացել:
Այս պահի դրությամբ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 46 դպրոցական, որից 38-ը Բաղրամյանից, իսկ 8-ն էլ Այգեզարդից: Նրանց վիճակը բավարար է գնահատվում:
Ավելի վաղ Բաղրամյանի գյուղապետ Սոս Բենիամինյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխաների վիճակը բավարար է, նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները:





























