Սյունիքի մարզի Թասիկ գյուղում 2 օր առաջ անհետացած 34-ամյա Մանվել Ղազարյանը 4 անչափահաս երեխաների հայր է, ընտանիքն էլ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թասիկի գյուղապետ Խաչիկ Հովհաննիսյանը` նշելով, որ արդեն երկրորդ օրն է, ինչ համագյուղացիները ԱԻՆ եւ ոստիկանության աշխատակիցների հետ որոնողական աշխատանքներ են իրականացնում գյուղին հարակից տարածքներում:
«Ինքն անասնապահ էր, դաշտում անասուններ էր պահում: Հոգեկան խնդիրներ չուներ, ալկոհոլի հանդեպ սեր էլ չուներ, իմ իմանալով` այդ օրը չի էլ խմել: Հիմա բոլորով որոնում են իրեն, դաշտերում է կորել, ամեն ինչ էլ հնարավոր է` պատահած լինի»,-ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 8-ին գյուղի բնակիչ` 1981թ. ծնված Մ. Ղ.-ը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկա: Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:





























