Գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ ցանկանալով հասկանալ, թե տարեց մարդիկ որ երկրում են իրենց ավելի հարմարավետ զգում: Առաջին տեղում Շվեյցարիան է, որին հետեւում են Նորվեգիան, Շվեդիան, Գերմանիան, Կանադան, Նիդեռլանդները, Իսլանդիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան: Այս մասին գրում է MedDaily-ը՝ վկայակոչելով Eurek Alert-ին:
Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի են առել եկամուտը, առողջական վիճակը, կրթական մակարդակը, զբաղվածությունը եւ շրջակա բարենպաստ միջավայրի ազդեցությունը: Ըստ վիճակագրության, Երկրի բնակչությունն արագորեն ծերանում է: Մինչեւ 2050 թվականը 96 երկրներից 46-ում բնակչության շուրջ 30%-ը 60 տարեկանն անց կլինի: Եվ սրան պետք է հարմարվել:
Իսկ ներկայում կյանքի տեւողության առումով երկների միջեւ տարբերությունը մեծ է: Օրինակ՝ Ճապոնիայում 60 տարեկան մարդիկ եւս 26 տարի ապրելու հնարավորություն ունեն, իսկ ահա Աֆղանստանում՝ միայն 16 տարի: Գիտնականները նաեւ մեծ անդունդ են բացահայտել աղքատության ցուցանիշներում. Հարավային Կորեայում աղքատ է տարեց բնակչության 48.5%-ը, իսկ Իսլանդիայում՝ ընդամենը 1.6%-ը:





























