Կանադահայ Նարոտ Օդաբաշյանն օգնում է Սիրիայից փախստականներին: Սեփական եւ բարեգործական միջոցներով նա փախստականներին օգնում է տեղավորվել, իսկ հետո նաեւ աշխատանք գտնել: Այս մասին գրում է կանադական The Vancouver Sun-ը:
«Նրանք փախել են՝ չհասցնելով ոչինչ վերցնել: Սիրիայում նրանց կյանքը կաթվածահար է եղել: Այդ կյանքից նրանց մի կերպ այստեղ են հասել»,- ասել է Օդաբաշյանը:
Նարոտ Օդաբաշյանը «Հայ տուն» (Hay Doun) կազմակերպության ղեկավարն է: Նրա ու կամավորների ջանքերով անցյալ տարվա սեպտեմբերից Քվեբեկ նահանգում արդեն 645 սիրիացի փախստական է տեղավորվել:
Կազմակերպությունը հիմնադրվել է 6 տարի առաջ, մի խումբ կանադահայերի կողմից: «Մենք բարոյական պարտք էինք զգում: 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, որի զոհը դարձան մեր նախնիները, հիմա չենք կարողանում մի կողմ կանգնել ու հետեւել»,- հայտարարել է Օդաբաշյանը:
«Հայ տուն»-ը նախ Իրաքից 45 փախստականի օգնել է հաստատվել Մոնրեալում: Այնուհետեւ սկսվել է սիրիական ճգնաժամը, եւ ակտիվիստները կրկին որոշել են անել՝ ինչ կարող են:
«Հայ տուն»-ն աշխատում է Քվեբեկի հայերի հետ, որոնք ժամանողների համար երաշխավոր են դառնում նահանգի իշխանությունների առջեւ: Նրանք պատրաստ են մեկ տարի ժամկետով ստանձնել ժամանողների ծախսերը, եթե վերջիններն աշխատանք չգտնեն. տեղական օրենքների համաձայն, փախստականները կարող են սոցիալական նպաստի իրավունք ունենալ միայն մեկ տարի անց: «Հայ տուն»-ը փախստականների համար բնակարան է գտնում, նրանց ուտելիքով ապահովում:
«Նրանցից ոմանք 6 ամիս կոմայի մեջ են եղել: Ոմանց առեւանգել են՝ փրկագին ստանալու համար: Այստեղ նրանք անվտանգության մեջ են, բայց ստիպված են ամեն ինչ զրոյից սկսել»,- ասել է Օդաբաշյանը:





























