Երեւանի դպրոցի 2-րդ դասարանի դասվարը, որն օրերս թույլ չէր տվել աշակերտուհի Ի.Դ.-ին դուրս գալ զուգարան եւ վերջինը չի կարողացել զսպել մեզը, խիստ նկատողություն է ստացել։ Երկրորդ նկատողության դեպքում Է. Խ.–ն կարող է ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Վ.Ս.–ն՝ ավելացնելով, որ միջադեպը գրանցվել է դասվարի անփորձության հետեւանքով։
«Փորձառու դասվարը, իհարկե, երբ նայում է երեխայի դեմքին, անմիջապես հասկանում է՝ երեխան իսկապես ունի կարիք, թե ոչ։ Այս դեպքում երեխան իսկապես կարիքներ ունեցել է, ուսուցչուհին ուղղակի սկսնակ է եղել։ Երկրորդ տարին է աշխատում դպրոցում, 23-24 տարեկան է, չի կողմնորոշվել։ Ես բավական լուրջ խոսակցություն եմ ունեցել այդ դասվարի հետ, նաեւ որպես դպրոցում երկար տարիներ աշխատող մարդ՝ հասկանում եմ՝ որեւէ մեկը պաշտպանված չէ նման դեպքից, նույնիսկ ամենափորձառու դասվարները։ Դասվարը շատ մեղմ է, շատ փափուկ, ինչ որ կատարվել է, կատարվել է անուշադրության պատճառով»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ անհրաժեշտ է ոչ փորձառուներին էլ աշխատելու հնարավորություն տալ, փորձը ձեռք են բերում աշխատելու ընթացքում։
Տնօրենի խոսքով` իր համար ոչ միայն այս դեպքն է տհաճ, այլեւ այն հանգամանքը, որ դրա մասին իմացել է ոչ թե աշակերտուհու ծնողից, այլ թերթի հրապարակումից։
«Եթե ծնողը մեզ հետ լիներ կապի մեջ, մենք կփորձեինք, որ դեպքը հնարավորինս քիչ հնչեղություն ստանար՝ հենց երեխայի շահերից ելնելով։ Եթե ծնողը գար այստեղ, ուսուցչուհու մոտ, իրավացի կլիներ ամեն տեսակի բողոք արտահայտեր եւ պահանջեր, որպեսզի այս հարցը լուծում ստանար այլ ձեւով, շատ հարցեր ավելի լավ լուծվում են տեղում»,-ասաց տնօրենը։
Մեզ հետ զրույցում դասվար Է. Խ.–ն պատմեց, որ ինքն իսկապես թույլ չի տվել աշակերտուհուն դուրս գալ, քանի որ զանգը հնչելուց անմիջապես հետո է իրեն դիմել։
«Դասամիջոց եղավ ու զանգը հնչեց, երեխան խնդրել էր, բայց անմիջապես զանգից հետո, ես դրա համար թույլ չեմ տվել, որ դուրս գա։ Երեխային նոր հարցրել եմ, ինքն ինձ ասաց՝ ես չհասցրի գնալ»,-ասաց դասվարը՝ ավելացնելով, սակայն, որ ինքը եւ մյուս աշակերտները չեն նկատել, որ երեխան միզել է։
Ի.Դ.-ի մայրը՝ Ս.Մ.-ն, NEWS.am-ին ասաց, որ իր երեխան չի միզել դասասենյակում, իսկ այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում կատարողին չի ճանաչում եւ գաղափար էլ չունի՝ ով կարող էր նման բան արած լինել։
«Երեխան խնդրել է դուրս գնալ արդեն դասամիջոցի ժամանակ ու ինքը դուրս է եկել։ Այնպես չի եղել, որ երեխան շատ է տակն արել, այնքան քիչ է արել, որ ես հագուստները փոխելուց չեմ էլ նկատել, այնպես չի, որ ինքն իր կարիքները չի հոգացել եւ այնպես չէ, որ ուսուցչուհին իրեն թույլ չի տվել, նման բան չի եղել, որ իմ երեխան դասի ժամանակ միզի։ Ես չեմ հասկանում՝ ով է այդ տեղեկությունը տվել, անկեղծ, ապշած եմ»,-ասաց աշակերտուհու մայրը։
Ս.Մ.-ն՝ կարծիք հայտնեց, որ գրառման հեղինակը ցանկացել է վարկաբեկել դպրոցին։
«Իմ կարծիքով` դա ինչ-որ վաղուցվա կուտակված բան է եղել, ինչ-որ մեկը երեւի դիտավորյալ է արել, պատճառ է ման եկել, բայց թե ով է եղել, Աստված գիտի։ Եթե ես ինչ-որ պրոբլեմ ունենայի, ես իմ պրոբլեմը մարդկային ձեւով կլուծեի, ես նման անմարդկային քայլ չէի անի, ով որ այդ գրառումն արել է, ինքը, համենայն դեպս, անմարդկային քայլի է գնացել»,-ասաց նա։





























