Հայաստանն այսօր շատ ամուր եւ հզոր ձեռքերում է, եւ երկրի սահմանները պաշտպանված են թե զորքով, թե զենքով: Այս մասին այսօր, սեպտեմբերի 11–ին, Սրտաբանների եվրակովկասյան հինգերորդ համաժողովի բացման ժամանակ ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայաստանը շատ ամուր եւ հզոր ձեռքերում է՝ հանձինս հայկական բանակի», - նշեց նախարարը:

Նախքան սրտաբանների եվրակովկասյան հինգերորդ համաժողովին գալը Հրանուշ Հակոբյանը եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել էին Հայաստանում անցկացվող զորավարժությունները եւ, ինչպես նշեց սփյուռքի նախարարը, հնարավորություն ստացել տեսնել թե մարտական նոր տեխնիկան, եւ թե զինվորների վարժանքները. անկախ վարժությունների անվանումներից եւ տեսակներից, տղաները շատ լավ պատրաստվածություն էին ցուցաբերել:

«Մենք տեսանք բոլորովին նոր տեխնիկա, նոր զորքի եւ զենքի համադրություն: Մենք տեսանք մեր տղաների զորավարժանքը: Բոլոր կետերում մենք հաղթեցինք թշնամուն, եւ ես այսօր շատ ուրախ եմ, որ Հայաստանի սահմանները, Արցախի սահմանները եւ զենքով, եւ զորքով, եւ ոգով պաշտպանված են, որպեսզի եր սրտաբանները այսպիսի գեղեցիկ համաժողով անցկացնեն», - ասաց Հրանուշ Հակոբյանը: