Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին տեղեկություն էր ստացել Արարատի մարզի Բաղրամյան եւ Այգեզարդ համայնքների դպրոցներում աշակերտների թունավորման մասին:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն անմիջապես այցելել են նշված դպրոցներ եւ պարզել, որ սեպտեմբերի 10-ին Բաղրամյանի դպրոցի բուֆետից օգտվել է շուրջ 215 դպրոցական, Այգեզարդի դպրոցի բուֆետից՝ շուրջ 110-ը: Այդ օրը նշված դպրոցներին մատակարարվել է հոթ դոգ, կեքս, կարտոֆիլով կարկանդակ, բուլկի, գաթա, խաչապուրի, որոնցից կատարվել է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության նպատակով: Դպրոցների խոհանոցներից վերցվել են նաեւ լվացուկներ: Պարզվել է, որ դպրոցներին սնունդ է մատակարարվել միեւնույն անհատ ձեռնարկատիրոջ՝ Գոհար Սարգսյանի կողմից, ով սնունդ է մատակարարում նաեւ մարզի 11 համայնքների դպրոցներին:
Ներկայումս Բաղրամյանի եւ Այգեզարդի դպրոցներում, ինչպես նաեւ մատակարարի մոտ իրականացվում են ստուգումներ: Մատակարարի գործունեությունը դադարեցված է, դպրոցներին սնունդ չի մատակարարվում:





























