Աֆղանստանում շարունակվում է երեկ տեղի ունեցած նախագահական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեների հաշվարկման գործընթացը, սակայն արդեն Արեւմտյան պետությունները ընտրությունները բնութագրել են որպես «ժողովրդավարության հաղթանակ»:
Հաղորդագրությունների համաձայն, ընտրողների մասնակցության թիվը բավական ցածր է եղել, ինչը վերագրվում է թալիբների սպառնալիքների եւ իրականացրած ահաբեկչական գործողությունների հանդեպ վախին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հատուկ ռադիոելույթի ընթացքում «հաջողված» է բնութագրել հինգշաբթի Աֆղանստանում կայացած նախագահական եւ ՏԻՄ ընտրությունները։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Աֆղանստանի պատմության մեջ տեղի ունեցած թվով երկրորդ նախագահական ընտրությունները վկայում են ժողովրդավարություն կառուցելու՝ աֆղանստանցիների հաստատակամության մասին։




























