«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Ի պատասխան ՀՀ ոստիկանության 11.09.2015թ.-ի հայտարարության

Այն մասին, թե «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչները եւ մասնակիցները, խախտելով Երեւանի քաղաքապետարանին իրազեկված երթուղին եւ առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով տրանսպորտային երթեւեկությունը: Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության նման դիրքորոշումը պայմանավորված է խաղաղ հավաքը ցրելու նպատակով՝ կատարելով ՀՀ իշխանության ակնհայտ ապօրինի հրամանը: ՀՀ ոստիկանությունը շեշտել է հատկապես այն, որ խաթարվել է մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը՝ Բաղրամյան պողոտան՝ հայտարարելով, որ հավաքների ազատության իրավունքը չունի եւ չի կարող ունենալ բացարձակ բնույթ եւ ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել՝ ի շահ հասարակական կարգի պահպանման կամ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթեւեկության ապահովման նպատակով: ՀՀ ոստիկանությունը սահմանափակումները հիմնավորելու համար մեջբերել է ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթները: Եվ, վերջապես, ՀՀ ոստիկանությունն իր հայտարարությամբ հիմնվել է նաեւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վրա՝ մեկնաբանելով, որ անգամ խաղաղ հավաքն ունի թե՛ սկիզբ, թե՛ ավարտ:

Նախ նշենք, որ ՀՀ ոստիկանությունը, հայտարարելով, թե ցանկանում է հավաքի մասնակիցներին եւ հանրությանը թյուրընկալումներից զերծ պահել, այդ իսկ պատճառով հատուկ ընդգծել է, որ իրավական հիմքերից զուրկ են այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ եւ երբեւիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել, այդպիսով ՀՀ ոստիկանության հայտարարությունն ակնհայտորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: ՀՀ ոստիկանությունը, կրկին փակելով Բաղրամյան պողոտան, սահմանափակելով խաղաղ հավաքի մասնակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, 6 ժամ է տրամադրել խաղաղ հավաքի մասնակիցներին ազատելու տարածքը: Ոստիկանության հայտարարությունն ակնհայտ ապօրինի եւ անօրինական է հետեւյալ պատճառաբանությամբ. ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ինչպես նաեւ հավաքների մասին ՀՀ օրենքով: Հավաքի մասնակիցներն Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, սակայն հասնելով Բաղրամյան պողոտա՝ ոստիկանությունը փակեց Բաղրամյան 26 տանող ճանապարհը, ինչպես նաեւ փակեց մայթեզրը եւ ապօրինաբար խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք: Սակայն ոստիկանությունը, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթեւեկելի հատվածն ազատելու վերաբերյալ քաղաքացիների բազմաթիվ նախազգուշացումները, արգելափակված է պահել տրանսպորտային հիմնական փողոցը: Ոստիկանությունը ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է ղեկավարվի ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով: Հարկ ենք համարում կրկին անդրադառնալ թե՛ հայաստանյան մի շարք օրենքների, եւ թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Այսպես. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք: Եվս մեկ անգամ հիշեցնենք մի կարեւոր նորմ. ՀՀ Սահմանադրական դատարանի մեկնաբանություններ, /2010 թ., Գ. Հարությունյան/:

Ճնշմանը եւ բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին եւ գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի եւ նպատակահարմար ձեւը քաղաքացիական անհնազանդությունն է: Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով: Իսկ այն, որ ՀՀ ոստիկանությունը մեջբերում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթները՝ դրանք մեկնաբանելով հօգուտ հավաքը ցրելուն միտված իր գործողությունների, նշենք, որ դրանով չի հիմնավորել, թե Բաղրամյան պողոտայում բնականոն երթեւեկությունն ինչով է գերակա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ հավաքի ազատության նկատմամբ: Ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով քաղաքացիները չեն կարող իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը: Ոստիկանությունը մեղադրում է հավաքի մասնակիցներին այն բանի համար, որ քաղաքացիները փակել են փողոցը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ակնհայտ է, որ ոստիկանության անհամաչափ եւ անօրինական գործողությունների պատճառով քաղաքացիները չեն կարող ազատ տեղաշարժվել, դրանից բացի երթեւեկությունը բնականոն իր ընթացքով ընթանում է, եւ մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել: Իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը ոստիկանությունն իրենց հայտարարության մեջ նշել է, սակայն սխալ է կիրառել օրենքը. նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (հանրային շահ) այսուհետեւ սահմանադրական իրավունքները գերակայում են հավաքի ազատության նկատմամբ: Ոստիկանությունը միայն այն դեպքում կարող է ցրել հավաքը, երբ որ հասարակության անվտանգության հարց առաջ գար կամ նախապատրաստվող հանցագործությունը կանխվեր, սակայն քանի որ հավաքը բացառապես խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը ոչ մի դեպքում իրավունք չունի 6 ժամ ժամանակ տալ, որ հավաքի մասնակիցներն ազատեն Բաղրամյանը, քանի որ ոստիկանությունն է այլոց սահմանադրական իրավունքը խոչընդոտում, ոչ թե հավաքի մասնակիցները: Ինչպես նաեւ արդեն իսկ նախադեպ է ստեղծվել, որ հունիսի 23-ից Բաղրամյան պողոտան փակ է եղել 10 օր, եւ երթեւեկությունը բնականոն հունով ընթացել է, եւ ոչ մի քաղաքացու իրավունքը չի խախտվել: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը ժամանակ է տրամադրել, որպեսզի խաղաղ հավաքի մասնակիցները ցրվեն, հարկ ենք համարում ՀՀ ոստիկանությանը հիշեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11.2 հոդված․ Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ: Ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուղեցույցում սահմանված եվրոպական չափորոշիչներից՝ մեկ այլ առանցքային ձեռքբերումներից է այն, որ ի տարբերություն գործող օրենքի՝ նախագիծը որդեգրել է այն սկզբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից։ Նախագծի 33 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի նկատմամբ անմիջական վտանգը։ Միայն այդ դեպքերում, երբ հավաքի մասնակիցները կամովին չեն դադարեցնում հավաքը, ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել այն (հոդված 34)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի գործով արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ոստիկանները պարտավոր են բացառապես ապահովվել հավաքի մասնակիցների իրավունքը:

Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 21-րդ հոդված․ Ճանաչվում է խաղաղ հավաքների իրավունքը։ Այդ իրավունքի իրականացումը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան եւ որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ պետական կամ հանրային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության, կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության։ Իսկ այն, որ ՀՀ ոստիկանությունը կասկած է արտահայտել հավաքի ինքնաբուխ դառնալու վերաբերյալ, դա եւս չի հիմնավորել եւ չի ներկայացրել համապատասխան փաստեր»,- ասվում է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: