Գերմանական Borgward ապրանքանիշը Ֆրանկֆուրտյան ավտոսալոնի նախօրեին բացահայտել է որոշ մանրամասներ իր Borgward BX7 քրոսօվերի մասին, որը նրա առաջին մոդելն է լինելու ՝ անգոյությունից վերադառնալուց հետո:
Ինչպես հայտնում է «Ավտոռեվյուն», այդ ավտոմեքենան, որն իր չափերով ու դիզայնով հիշեցնում է Audi Q5-ը, ներկայացվելու է որպես փրեմիում սեգմենտի «երկրորդ էշելոն»: Քրոսօվերի նախնական գինը Գերմանիայի շուկայի համար սկսվում է 30 հազար եվրոյից (7 հազարով էժան քան Audi Q5-ը ):
Ֆրանկֆուրթում կլինի միանգամից երկու տարբերակների շնորհանդեսը: Բազային տարբերակը ՝ երկուլիտրանոց բենզինային տուրբոշարժիչով ՝ 224 ձիաուժ հզորությամբ, յոթ աստիճանանոց պրեսելեկտիվ «ռոբոտով» եւ Borg Warner բազմասկավառակ կցորդիչով ՝ հետեւի անիվները միացնելու համար:
Երկրորդ ՝ հիբրիդային տարբերակը, այդ նույն տուրբոշարժիչով է ու էլեկտրական շարժիչով՝ 401 ձիաուժ համագումար հզորությամբ: Իսկ զուտ էլեկտրական շարժիչով կարող է անցնել մոտավորապես 55 կմ:
Սալոնի լուսանկարները դեռ հրապարակված չեն, բայց արտադրողը խոստանում է բնական կաշվից պատրաստված նստատեղերի պաստառ ու ժամանակակից մուլտիմեդիա համակարգ՝ 12.3 դյույմ տրամագծով էկրանով ու Wi-Fi հաղորդիչով: Կլինի նաեւ ավտոմատ արգելակման, կրուիզ կոնտրոլի համակարգ եւ նստատեղերի երրորդ շարք, բայց դատելով թափքի ձեւից, նույնիսկ երեխաների համար այնտեղ նեղ կլինի: Կլինի նաեւ մարզական տարբերակը ՝ Borgward մակնիշի համար ավանդական «TS» կցորդով:
Արտադրական գործընկեր է ընտրվել չինական Foton ընկերությունը, որի գործարաններից մեկում էլ սկսվելու է Borgward ավտոմեքենաների արտադրությունը, իսկ գերմանական են լինելու միայն բրենդն ու ինժեներական լուծումները: Մոդելը սկզբում կհայտնվի չինական դիլերների մոտ, իսկ հետո նաեւ զարգացող շուկաներում ՝ օրինակ Հնդկաստանում ու Բրազիլիայում, եւ միայն 2017 թ. ընկերությունը կսկսի նվաճել Եվրոպան:
Ֆրանկֆուրտյան ավտոսալոնը աշխարհի չորս ամենախոշոր ավտոսալոններից մեկն է, այն անցնում է երկու տարին մեկ անգամ սեպտեմբերի կեսերին ՝ Ֆրակֆուրթ քաղաքում: Ընդ որում 1992 թ սկսած ավտոսալոնը երկու մասի է բաժանվել ՝ Հանովերում զույգ տարեթվերին կազմակերպվում է բեռնատար ավտոմեքենաների ցուցահանդես, իսկ Ֆրանկֆուրթում ՝ կենտ տարեթվերին ՝ մոտոցիկլետների ու մարդատար ավտոմեքենաների ցուցահանդես:
2015 թ սեպտեմբերի 17-27 կանցնի 66-րդ ավտոսալոնը:





























