Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների առիթ դառնալ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն: Նրա խոսքով, նոր պատժամիջոցները կարող են վերաբերել էներգետիկ ոլորտին:
ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի մի շարք այլ երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ ատոմի ծրագրի ներքո միջուկային զենք մշակելու համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արդեն ընդունել է 5 բանաձեւ եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, պահանջելով նրանից հրաժարվել ուրանի հարստացումից: Թեհրանը, սակայն, բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը ուղղված է բացառապես խաղաղ նպատակների` երկիրն էլեկտրաէներգիայով ապահովելու խնդրին:
Ապրիլի սկզբին միջնորդ վեցյակը (Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան) առաջարկել էին Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ միջուկային ծրագիրը քննարկելու համար: Դրանից զատ, Մեծ ութնյակի առաջնորդները հուլիսյան իրենց գագաթնաժողովում կոչ են արել Թեհրանին անել դա մինչեւ սեպտեմբեր, քանի որ նրանք պատրաստվում են այս խնդրին անդրադառնալ Մեծ ութնյակի հաջորդ գագաթնաժողովում, որն անցկացվելու է սեպտեմբերի 24-25-ը` ամերիկյան Պիտսբուրգ քաղաքում:



























