«Ազգ» թերթն արձանագրում է, որ Հայաստանում համատարած թանկության պայմաններում զգալիորեն բարձրացել են նաեւ ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գները: Այսպես, սեպտեմբերի 3-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իռլանդիա ընտրական մրցախաղի արեւմտյան տրիբունայի տոմսի գինը 8000 դրամ է: Արեւելյան տրիբունան նախընտրող ֆուտբոլասերներին հարկ կլինի տոմսի համար 6000 դրամ վճարել: Իսկ մյուս երկու տրիբունաների տոմսերի գինը 4000 դրամ է:
«Նման պայմաններում զարմանալի չի լինի, եթե Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում մարզադաշտը գրեթե դատարկ լինի, ինչպիսին էր օրինակ օգոստոսի 11-ին կայացած Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ: Ավելի նպատակահարմար չէ՞ տոմսերի գինը մատչելի դարձնել ֆուտբոլասերների համար ու արդյունքում ավելի շատ գումար վաստակել՝ ապահովելով նաեւ հավաքականի խաղացողներին երկրպագուների բուռն աջակցությունը, քան խաղն անցկացնել գրեթե դատարկ տրիբունաների առկայությամբ»,- գրում է պարբերականը:



























