Չինացի գիտնականները հսկայական ջրային ստորգետնյա պաշարներ են հայտնաբերել երկրի ամենաչոր հատվածներից մեկում։ Այս մասին հայտնում է RG –ն՝ վկայակոչելով Discovery-ն։

Բացահայտումն արվել է Սինցզյան նահանգում՝ այսպես կոչված Թարիմի հարթավայրում։ Այնտեղ անապատ է, որն արդեն տարիներ շարունակ իր վրա է հրավիրում գիտնականների ուշադրությունը։ Իհարկե հետազոտողներն այնտեղ փնտրում էին ոչ թե ջուր, այլ ածխածին։ Նախագծի ղեկավար պրոֆեսոր Լի Յանի խոսքով՝ այդ տարածաշրջանում հսկայական քանակով ածխաթթու գազ կա կուտակված։

Գիտնականները փորձել են պարզել ֆենոմենի պատճառը։ Ածխածին կլանող են համարվում անտառներն ու ծովերը։ Սակայն Թարիմում դրանք չկան։ Այդ պատճառով գիտնականների համար  գաղտնիք էր մնում, թե ուր են անհետանում ածխաթթու գազի հսկայական պաշարները։ Այժմ պատասխանը հայտնի է. անապատի տակ ստորգետնյա օվկիանոս է գտնվում։ Այն աղահամ է եւ պիտանի չէ խմելու համար, սակայն կարող է օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով։