ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Բեյրութում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Արմենյանի եւ մի խումբ անդամների հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման եւ երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Նա բարձր է գնահատել հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` նշելով, որ այդ գործընթացում ակնկալում է լիբանանահայ համայնքի մասնակցության էլ ավելի ակտիվացումը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Մերձավոր Արեւլքում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 23-ին Բակո Սահակյանը Բեյրութում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան եւ հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ: Նույն օրը տեղի է ունեցել Բակո Սահակյանի մաուլի ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: