Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է նորածնի մահվան պատճառը:  Այս մասին NEWS.am-ին ասաց Մերի Մարգարյանի հոր՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

«Երեխան ոչ ճիշտ զարգացած է եղել, նաեւ հետագայում օրգանների խախտումներ է ունեցել, շատ ծանր վիճակում է ծնվել եւ օրգաների մեծ մասը վնասված է եղել»,-ասաց փաստաբանը նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք նախաքննական  գաղտնիք են:

Մարինե Թովմասյանը նաեւ նշեց, որ գործով ցուցմունք է  տվել նաեւ մահացածի ամուսինը եւ գործի համար կարեւոր տեղեկատվություն է հաղորդել:

«Ամուսնու ցուցմունքն էլ է նախաքննական գաղտնիք, ուղղակի կարող եմ ասել, որ կարեւոր ինֆորմացիա է հաղորդել, որ դրա հիման վրա չի բացառվում, որ լրացուցիչ բժիշկներ հարցաքննվեն»,-ասաց նա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ  դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ  Մերի Մարգարյանը մահացել էր թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա: