Հայկական կողմը որեւէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու ռուսական ռազմաբազայի ներկայության երկարաձգման մասին արձանագրությունը կնքվում է հատկապես այժմ եւ հատկապես 49 տարի ժամկետով: Օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ստեփան Սաֆարյանը, հավելելով, որ քանի դեռ այս հարցերի շուրջ հստակություն չի մտցվել, Հայաստանում դժգոհ կեցվածք ունեցողները շատ են լինելու։

Նրա համոզմամբ, ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում մնալու ժամկետի երկարաձգումը հասկանալի կլիներ այն դեպքում, եթե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները լինեին իրապես դաշնակցային, ռազմավարական եւ իրավահավասար, ինչն այսօր չկա։ «Եթե Ռուսաստանն ավարտին հասցնի Ադրբեջանին C-300 համալիրի վաճառքի հարցը, դրանով Հայաստանին դուրս կդնի ռազմավարական գործընկերության դաշտից։ Այդ ժամանակ, Հայաստանն ինքն էլ պետք է սկսի մտածել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Այդ դեպքում, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի մտածելու բան կունենա, քանի որ Ռուսաստանի այս քայլը հղի է տարաշածրջանում բաժանարար գծեր դնելու հավանականությամբ»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ եկել է հայ-թուրքական հարաբերությունները պսեվդո-շողոքորթությունից փրկելու ժամանակը։

Ամփոփելով՝«Ժառանգություն» խմբակցութան ղեկավարը նշեց, որ եթե իշխանությունները հայ-ռուսական նոր արձանագրության վերաբերյալ այսուհետ եւս շարունակեն նման անորոշ հիմնավորումներ ներկայացնել, «Ժառանգությունը» Ազգային ժողովում դեմ կքվեարկի դրա ընդունմանը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված արձանագրության՝ ԱԺ-ում վավերացման գործընթացը կսկսվի միայն այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը կորոշի, որ այն չի հակասում երկրի հիմնական օրենքին։