Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ, օգոստոսի 24-ին  տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի  բարեփոխումների իրականացման ընթացքը,  առկա խնդիրներն ու  առաջնահերթ  լուծում պահանջող անելիքները։ Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության  բնագավառում պետական քաղաքականության  միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման եւ արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նշվել է, որ բարեփոխումների շրջանակում, «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի պահանջից  ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ, հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին եւ արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը  հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերը։ Տեղեկացվել է նաեւ, որ  առաջիկայում կհաստատվի  ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչեւ  տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։