«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում է արհամարհել BBC-ի թղթակիցներին: Այս տարի ընդունած կանոնակարգով, պրեմյեր-լիգայի թիմերի գլխավոր մարզիչները հետխաղյա հարցազրույց պետք է տան BBC-ին: Սակայն շոտլանդացի մասնագետը, ով նաեւ թագուհուց ասպետի կոչում է ստացել, 2004-ից հրաժարվում է հաղորդակցվել այդ հեռուստառադիոընկերության հետ: 2004-ին BBC-ն Ֆերգյուսոնի որդու` գործակալ Ջեյսոնի մասին վիճահարույց ձեւակերպումներով պրովոկացիոն վավերագրական ֆիլմ էր ցուցադրել: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված է BBC-ին հարցազրույց չտալու համար վճարել տարեկան 60 հազար ֆունտ: Ըստ կանոնակարգի` ամեն խաղից հետո հարցազրույցին չներկայանալը տուգանվում է հազար ֆունտով, հաղորդում է The Sun-ը: Այս հարցում ակումբն ամբողջովին աջակցում է Ֆերգյուսոնին: