Հայոց ցեղասպանության 94-ամյակի կապակցությամբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խումբը «Հայոց ցեղասպանություն. Միջազգային ճանաչում եւ համապատասխան մարտահրավերներ» խորագրով խորհրդաժողով էր կազմակերպել: Հրեա պրոֆեսոր, Երուսաղեմի հոլոքոսթի ու ցեղասպանությունների հետազոտման ինստիտուտի գլխավոր տնօրեն, «Ցեղասպանությունների հանրագիտարանի» գլխավոր խմբագիր Իսրայել Չարնին վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել մասնակցել գիտաժողովին, սակայն հոդված է ուղարկել, որն ընթերցել է համաժողովում BBC ռադիոկայանի նախկին հաղորդավար Պիտեր Բարքերը:
Չարնին իր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի, որպես պետության, անկարողությանը: Իսրայելցի գիտնականը խորը ափսոսանք ու ամոթ է արտահայտել, որ հենց Իսրայելի ու ԱՄՆ-ի ղեկավարությունները չեն կատարում բարոյական պարտավորությունները հայ ժողովրդի առջեւ: Իսրայել Չարնին ընդգծել է նաեւ, որ հասարակական մակարդակով Իսրայելում բացահայտ հայտարարություններ արվում են XX դարի առաջին ցեղասպանության մասին, համալսարաններում սեմինարներ են անցնում: Նա ափսոսանք է հայտնել, որ պաշտոնական Երուսաղեմը շարունակում է համագործակցել Անկարայի հետ Հայոց ցեղասպանության ուրացման գործում: «Ինձ համար հաճելի է գիտակցել, որ Իսրայելի ժողովուրդը շատ վճռական է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ես գիտեմ, թե որքան է դա կարեւոր մեզ եւ ողջ աշխարհի համար»,- ասել է Չարնին իր հոդվածում եւ հույս հայտնել, որ «երբեւէ մեզ կհաջողվի փոխել Իսրայելի կառավարության դիքրորոշումը»:



















