Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը նախաքննության ընթացքում միջնորդություն չի ներկայացնելու:
«Նախաքննությունը նորմալ ընթացել է, առկա են բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ, բազմաթիվ վկաների ցուցմունքներ, առերես հարցաքննություններ, որտեղ վկաները պնդել են իրենց ցուցմունքները: Այս պահին փակագծերը բացել չեմ կարող, դատարանում կլինի ապացույցների հետազոտման փուլ, բոլորը կիմանան ամեն ինչ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ արդեն հոկտեմբերին գործն ամենայն հավանականությամբ կլինի դատարանում: Նշենք, որ կուրսանտի սպանության գործը քննվելու է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով օրեր անց կալանավորվել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:





























