Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը այսօր, օգոստոսի 21-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստան։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունները Վլադիմիր Վորոնինի հետ կկայանան նույն օրը Սոչիում։

Հնարավոր է, որ այդ այցը Մոլդովայի նախագահի պաշտոնում վերջինը լինի Վլադիմիր Վորոնինի համար։ Հենց այսօր էլ Մոլդովայի ԿԸՀ-ի ղեկավարը կհանձնի նորընտիր խորհրդարանի պատգամավորների վկայականները, որի առաջին նիստը կայանալու է օգոստոսի 28-ին։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, հաջորդ շաբաթ նախագահ Մեդվեդևը նախատեսում է Սոչիում հանդիպել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Իսկ ըստ Լուկաշենկոյի, հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահի հրավերով. «Մենք արդեն վաղուց էինք պայմանավորվել Դմիտրի Անատոլևիչի հետ, և երբ դեռ Ղրղզստանում էինք՝ Իսիկ Կուլի ափին: Մոտ ժամանակներս մեզ հարկավոր է որոշել օրակարգը, որում պետք է ընդգրկվեն առավել բարդ հարցերը։ Ներկայումս Ռուսաստանի նախագահը, ինչպես հայտնի է, գտնվում է Սոչիում, և նա հրավիրել է ինձ հանդիպման»,- օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոն։

«Ինձ համար կարևորը՝ պայմանավորվել ենք՝ եկեք կատարենք, սկզբունքն է։ Գլխավորը դա է, էլ ոչինչ պետք չէ,- ընդգծել է Լուկաշենկոն, — որպեսզի այնպես չլինի, որ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվում ենք, այնուհետև նրանք ինչ-որ բան են սպասում մեզնից, մենք էլ՝ նրանցից, իսկ պայմանավորվածությունները չեն իրականանում, որովհետև ձախողվում են մի քանի հարկ ներքև»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ այն դեպքում, երբ այդ սկզբունքը իրագործվի, ապա կդադարեն այն ասեկոսեներն ու չարաշահումները, թե դեպի ուր է շարժվում Բելառուսը, որ ուղղությամբ է նա վերակողմնորոշվում, որ ուղղությունն է նա գերադասում։