Սողանքի հետեւանքով վնասված ջրագիծը գնիշիկցիներն առայժմ սեփական ուժերով են վերանորոգելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վայոց ձորի Գնիշիկ համայնքի ղեկավար Արա Լեւոնյանը:

«Սողանքը միշտ էլ կա, ճանապարհը կամաց-կամաց քանդվում է: Գյուղ մտնող ջրագիծն էլ գտնվում է ճանապարհից 50 մետր ներքեւ: Այս գիշեր էլ նորից սողանք եղավ, ու հենց ջրագծերն է վնասել: Գյուղացիներով հավաքվել եւ հողի տակից հանում ենք խողովակները, որը կպցնենք իրար, տեսնենք՝ երբ պետությունը միջոցներ կտրամադրի խողովակները փոխելու համար»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ պետությունն արդեն գումար հատկացրել է ջրագծի, սակայն ոչ այս հատվածի համար: Խնդրին տեղյակ են եւ Վայոց ձորի մարզպետարանում, եւ տրանսպորտի եւ կապի նախարարությունում. «Դիմել ենք տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որը գոնե Եղեգնաձոր-Գնիշիկ անվոտճանապարհը մասնակի վերանորոգեն: Սպասում ենք որոշմանը»:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին 350 քմ մակերեսով սողանք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում, վնասվել են Գնիշիկ եւ Մոզրով գյուղերի ջրագծերը (մոտ 20 մ):