Երեւանի բնակիչ, 56-ամյա Լաուրա Մ.-ն մեղադրվում է խուլիգանության կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լաուրա Մ.-ն հունիսի 8-ին առավոտյան Արաբկիր վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքում աղմկել է, սեռական բնույթի հայհոյանքներ տվել Երեւանի քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց, այդ թվում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, սպասարկման եւ գովազդի բաժնի պետ Վարդգես Մարտիրոսյանի հասցեին, թքել է վերջինիս դեմքին: Բացի դրանից՝ 56-ամյա կինը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ներկա աշխատակիցների եւ քաղաքացիների նկատմամբ:

Լաուրա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: