Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրը 14 մլն. դրամից ավելի քաղհայց է ներկայացրել գործով դատապարտյալ Հարություն Սարգսյանի դեմ, որպեսզի վերջինի վրա չտարածվի համաներման ակտը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Իսկանդարյանի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը՝ավելացնելով, որ քաղհայցի պահանջը ներառում է թաղման 1 տարվա արարողությունների, գերեզմանի կառուցման, ավտոմեքենայի եւ քրեական գործով փաստաբանի ծառայությունների ծախսերը, որոնք, ըստ փաստաբանի, հաշվարկվել են փորձագետների եզրակացության, շուկայական գների եւ Վճռաբեկ դատարանի նախադեպերի հիման վրա:
«Երբ Անահիտը իմացել է, որ համաներում գոյություն ունի եւ կարող է տարածվել Հարություն Սարգսյանի վրա, անհանգստացած դիմել է ինձ, ես նրան հուշել եմ մեծամտություն չանել եւ քաղհայց ներկայացնել, եւ որ միայն վնասի փոխհատուցում չկատարելու դեպքում դա տեղի չի ունենա, մայրն էլ որոշել է քաղհայց ներկայացնել միանգամայն արդարացիորեն: Նրանք ուզում են այդ եղանակով բարոյական վնաս պատճառել Սարգսյանին, ինչը կարող է նպաստել, որ հանցագործը պատիժը լիովին կրի»,-ասաց փաստաբանը:
Սուսաննա Մխիթարյանը, այնուամենայնիվ, նշեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կորոշի` որն է վնասի փոխհատուցման ողջամիտ գումարը:
NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, իր հերթին նշեց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Հարություն Սարգսյանը մինչեւ վերջ իր պատիժը կրի:
«Ես իրեն ամեն ինչ պետք է անեմ, իր գլխին ամեն ինչ պետք է բացեմ, քանի Կարեն Եսայանի ծնողները կան, ինքը պետք է լավ չլինի: Ինչու՞ պետք է ես իրենցից գումար ուզեմ, էդ գումարն ինձ պետք չէ, ես տալու եմ մանկատներին, ես բավական լավ պայմաններում ապրող մարդ եմ, բայց ես իրեն պետք է մի բանով վնաս տամ»,- ասաց Կարեն Եսայանի մայրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռը` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարանում, որն անփոփոխ էր թողել դատավճիռը: Միչդեռ Կարեն Եսայանի մայրը վստահեցնում է, որ նախաքննությամբ ձեռք բերված բոլոր ապացույցները Հարություն Սարգսյանի դեմ են խոսում, իսկ դատավճիռը միանգամայն արդարացի է: Մայրը՝ Անհաիտ Իսկանդարյանը քաղհայց է ներկայացրել Հարություն Սարգսյանի դեմ: Հայցի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:




























