Արարատի մարզի Նիզամի գյուղում ոռոգման ջրի խնդիր կա, գյուղացիները դժգոհում են ջրի մատակարարումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանը՝ ավելացնելով, որ չի պատկերացնում՝ ինչ պետք է արվի խնդիրը լուծելու համար։

«Ոռոգման ջրի խնդիր ունենք, քանի որ մենք ոռոգման կանալի չորրորդ գյուղն ենք, բնական է, մեզ մոտ քիչ ջուր է հասնում: Դա Ջրաօգտագործողների ընկերության խնդիրն է, եւ ինձ չի թվում, որ ՋՕԸ-ն այդ խնդիրը լուծելու հարցում շահագրգռված չէ: Բայց այնպես էլ չի, որ վերցնեմ, ցեխ շպրտեմ ՋՕԸ-ի վրա, չեմ կարող ասել՝ անգործության է մատնված, չեն աշխատում, իրենք էլ կարող է՝ ուրիշ տեղ խնդիր ունեն: Այնպես չի, որ Հրազդանում ջուրը լիքն է, ու ընկերությունը ջուրը տնօրինում է մեզ ջուր չի տալիս, իրենք էլ երեւի ունեն ջրի խնդիր, խնդիրը գալիս է վերեւից»,-ասաց համայնքի ղեկավարը:

Հարութին Կարապետյանի խոսքով՝ այսօր սեպտեմբերի 22-ին, մի խումբ գյուղացիներ բողոքի ակցիա են արել գյուղապետարանի բակում՝ սպառնալով նույնիսկ շրջափակել Ջրային տնտեսության պետական կոմիտեն: Գյուղապետը նշեց, որ զրուցել է դժգոհ գյուղացիների եւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ, որը նույնպես դեռ ելք չի առաջարկել։

«Ես խոսել եմ գյուղացիների հետ, խոսել եմ  նաեւ իմ վերդասի հետ, այնպես չէ, որ մենք տեղյակ չենք, գյուղացին ունի իր պահանջը, իր ընտանիքը, որը հողով է կերակրում: Իրեն հետաքրքիր չէ ոչ ես, ոչ մարզպետը, իրենց հետաքրքիր է եկամուտը, ինքը ջուր է պահանջում, իրեն քաղաքականությունը հետաքրքիր չէ: Եթե գյուղացին եկամուտ չունի, կարող է ընդհանրապես հրաժարվել հողի հարկը վճարելուց, կամ հող մշակելուց, բայց դրանք վտանգ են գյուղապետարանի համար»,- ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ իրենք գյուղացիների հետ բարձրաձայնում են խնդրի մասին, սակայն ապարդյուն:

Գյուղապետը նշեց, որ գյուղի հողատարածքները ոռոգվում են Հրազդան գետից հոսող ջրանցքից: Ոռոգման ջրի համար գյուղացիները վճարում են 65 000-ից 115 000 դրամ, եւ երբեւէ, ըստ գյուղապետի, չեն հրաժարվել ծախսված ոռոգման ջրի դիմաց վճարել:

Հարութին Կարապետյանն ավելացրեց, որ գյուղացիները դժգոհում են նաեւ արտեզյան խմելու ջրի որակից:

Նրա խոսքով՝ գյուղապետարանը ծրագրում է ջրաֆիկացնել գյուղը, սակայն, ոչ մի նիզամցի հարյուրտոկոսանոց գոհ չէ, քանի որ դա գումարային բեռ է իրենց համար: