Տավուշի մարզի Մովսես գյուղում, որտեղ սեպտեմբերի 18-ին սպանվել է Բերդի տարածաշրջանի զինկոմ Դերենիկ Պապյանը, հանգիստ իրավիճակ է, Դերենիկի որդիներն իրավիճակը շատ լավ հասկանում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

«Զինկոմը գյուղում կնոջ հետ էր բնակվում, տղաներն էլ Մոսկվայում էին: Հիմա Մովսեսում են, խելացի, հասուն տղաներ են եւ իրավիճակը շատ լավ հասկանում են: Մնացածն էլ նախաքննությունը կպարզի»,- ասաց գյուղապետը:

Նա հայտնեց, որ սպանության մեջ մեղադրվող Արթուր Մկրտումյանը նախկինում զինվորական է եղել, զինկոմի հետ նորմալ հարաբերություններ են ունեցել:

«Արթուրն էլ, եղբայրն էլ զինվորականներ են եղել, նորմալ մարդիկ են: Արթուրն էլ ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ Մկրտումյանի եւ Պապյանի միջեւ կենցաղային վեճ է եղել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 18-ին ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մկրտումյանն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դերենիկ Պապյանի պարանոցին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:

Արթուր Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորվել է: