Որևէ պատգամավոր չի կարող ԱԺ-ում հայտնած կարծիքի համար հետապնդվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին հետեւած ԱԱԾ հայտարարությանը:
«Ըստ Սահմանադրության, պատգամավորը չի կարող ԱԺ-ում հայտնած կարծիքի համար հետապնդվել, եթե այն իր մեջ վիրավորանք ու զրպարտություն չի պարունակում»,- ասաց նա` նշելով, որ պատգամավորը նույնիսկ բանավոր կամ մամուլի հաղորդագրության տեսքով պետք է չդատապարտվի:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք այս Սերժ Սարգսյանի նախաձեռնած գորրծընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»։
Դրան հաջորդել էր ԱԱԾ նախազգուշացում–հաղորդագրությունը, ըստ որի` «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները նման բովանդակությամբ կոչերը «ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են եւ այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին, ուստի ցանկացած նման կոչ, առավել եւս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:




























