Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն սեպտեմբերի 19-ին, Լեռնային Ղարաբաղում հերթական անգամ այցելել են 2 ադրբեջանցի բանտարկյալներին եւ նրանց հնարավորություն են տվել ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի ծառայության աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելելու է բանտարկյալներին՝ կալանավայրում նրանց բնակության պայմաններին ծանոթանալու եւ ընտանիքների հետ կապ պահպանելու նպատակով»,- նշել է Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացի Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ-ում դատարանի որոշմամբ 2014-ի դեկտեմբերի 29-ին Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններն ուժի մեջ են թողել նրանց դատավճիռը:




























