Ամերիկյան Քալիֆոնիա նահանգի հյուսիսում խոշոր հրդեհներից առաջացած վնասը չափվում է միլիոնավոր դոլարներով: Ճշգրիտ թիվը հստակեցվում է, նշել են նահանգի իշխանությունները:

Քալիֆորնիայի նահանգապետի արտակարգ իրավիճակների հարցերի վարչության ղեկավար Մարկ Գիլարդուչին նշել է, որ կրակը սեպտեմբերի 12-ին տարածվել է 28,4 հազար հա տարածքով՝ Լեյք, Նապա եւ Սոնոմա շրջաններում: Ոչնչացվել է 1,9 հազար շինություն, այդ թվում 1238 տուն, շուրջ 3 հազար մարդ մնացել է առանց տանիքի: Նրանց ժամանակավոր կացարան է հատկացվել դպրոցներում եւ դատարկ շինություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանգրով Քալիֆորնիայի հյուսիսն աղետի գոտի է հայտարարվել: Դա թույլ է տալիս նահանգի իշխանություններին արտահերթ օգնության համար դիմել դաշնային կառավարությանը: