Կիրա Քըրքորյանը, որն իրեն Քըրք Քըրքորյանի կենսաբանական դուստրն է կոչում՝ թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ Քըրքորյանի ամուսնությունից, չի կարողանա վիճարկել հոր կտակը, քանի որ վիճարկման հնարավորության ժամկետի ավարտին՝ նոյեմբերի 25-ին, չափահաս չի լինի:

Դատարանը 17-ամյա Կիրայի համար խնամակալ է նշանակել, որը կպաշտպանի նրա շահերը՝ մինչեւ աղջիկը որոշի, արդյո՞ք վիճարկելու է կտակը: Կիրան 18 տարեկան կդառնա միայն հաջորդ տարվա մարտին:

Ըստ mynewsla.com-ի, 1999 թվականին Քըրք Քըրքորյանի եւ Լիզա Բոնդերի ամուսնությունը մեկ ամսից էլ պակաս կյանք է ունեցել, իսկ Բոնդերի դուստրը ծնվել է 1998 թվականին:

Կտակի համաձայն, միլիարդատերը Կիրային որպես նվեր 7 մլն դոլար է կտակել: Քըրքորյանն ինքը հերքում էր, որ Կիրայի հայրն է, բայց լավ էր վերաբերվում աղջկան եւ որոշել է հոգ տանել նրա մասին:

Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանը վախճանվեց 2015 թվականի հունիսի 15-ին, 98 տարեկանում: Քըրքորյանի կարողությունը 4 մլրդ դոլար է գնահատվում: Նրա ժառանգներն են դուստրերը՝ Լինդան եւ Թրեյսին, որոնց պատվին էլ նա կոչել է «Tracinda Corporation»-ը եւ «Լինսի» հիմնադրամը: