Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին եւ կրկին հին երգը երգել։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ լրագրողների այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված որեւէ զարգացում կա՞, Դավութօղլուն պատասխանել է, որ Թուրքիան Կովկասը դիտում է մի ամբողջականության մեջ եւ Հայաստանի հետ սահմանների բացումը ներառյալ, ցանկանում է, որ տարածաշրջանում բոլոր պատնեշները հանվեն։
Սակայն Դավութօղլուն կրկին հիշեցնում է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանը. «Ֆիզիկական պատնեշները վերացնելու համար անհրաժեշտ է վերացնել բոլոր հոգեբանական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական պատնեշները։ Անհրաժեշտ է հասնել նրան, որ Կովկասը դառնա տնտեսական ամբողջական մի ավազան։ Այսինքն, անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի հողերի 20 տոկոսի բռնազավթումը»-նշել է Դավութօղլուն՝ ամփոփելով, որ ներկայում թուրք-ադրբեջանական հարաբերությունները վերջին 20 տարվա ընթացքում լավագույն մակարդակի վրա են։


























