Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ Tert.am-ի հարցին ի պատասխան:

Հարցին, թե կգնահատի Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետեւանքով 3 կին է զոհվել, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը: 

Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների եւ ականանետերի թիրախ դարձնելը արտահայտությունն է՝ քնած հային կացնահարելու եւ նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի եւ վարվելակերպի: 

Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու եւ կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժողովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը»: