Սիրիայի ճգնաժամը հնարավոր է լուծել միայն գործող լեգիտիմ իշխանությունն ամրապնդելու եւ առողջ ընդդիմության հետ երկխոսության դրդելու ճանապարհով։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեա մեկնելու նախօրեին՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հարցին, թե արդյոք Մոսկվայի նպատակը Բաշար Ասադի ղեկավարած իշխանությունը փրկելն է, Պուտինը պատասխանել է. «Այո, այդպես է։ Իմ խորին համոզմամբ լեգիտիմ իշխանությունը տապալելուն ուղղված այլ միջոցները կստեղծեն այնպիսի իրավիճակ, ինչպիսին որ առաջացել է տարածաշրջանի մյուս երկրներում, օրինակ, Լիբիայում, որտեղ չեն գործում պետական ինստիտուտները։ Նման իրավիճակ է տիրում, ցավոք, նաեւ Իրաքում։
Սիրիայի ճգնաժամը լուծման այլ տարբերակ չունի, բացի գործող պետական ինստիտուտներն ամրապնդելը եւ նրանց ահաբեկչության դեմ պայքարում օժանդակելը՝ միաժամանակ խթանելով նրանց բանակցություններ վարել ընդդիմության առողջ հատվածի հետ»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























