Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի հետ որեւէ հակասություն չի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ վստահեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, որը ճեպազրույցի էր եկել Արծվիկ Մինասյանի հետ:
«Հակասություններ չկան մեր միջեւ, մենք մի կուսակցություն ենք, ընկերներ ենք, միասին աշխատում ենք: Իհարկե, բնական է, որ տարբեր հարցերի վերաբերյալ լինում են տարբեր մոտեցումներ, որոնք քննարկվում են կուսակցությունում, եւ վերջում միասնական որոշում է կայացվում: Իսկ հակասություններ մեր միջեւ չկան»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսին մամուլում լուրեր էին պտտվում, որ Արծվիկ Մինասյանը լարված հարաբերություններ ունի մյուս ՀՅԴ-ականների հետ: Որպես պատճառ նշվում էր այն, որ ՀՅԴ-ում դեմ են եղել, որ Արդարադատության նախարար նշանակվի Արծվիկ Մինասյանը, քանի որ նա ԱԺ-ում ՀՅԴ ամենաակտիվ պատգամավորն է:




























