«Ժառանգությունը» պատրաստ է լինել Սահմանադրական բարեփոխումներին դեմ պայքարող ուժերին կապող օղակը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Մենք պոտենցիալ ունենք, մի կասկածեք եւ կարող ենք լինել այն օղակը, որը կհամախմբի Սահմանադրության նոր նախագծի դեմ պայքարող ուժերին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հայտարարությանը, Փոստանջյանը նշեց, որ ինքը չգիտի, թե ինչ տրամադրություններ ունի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Ազգային անվտանգության ծառայությունն ունի իր լիազորությունները, իսկ տվյալ պարագայում նախազգուշացում գործառույթ ԱԱԾ-ն չունի, որովհետեւ միջամտել է օրենսդիր մարմնի աշխատանքին՝ սպառնալիք հնչեցնելով եւ փորձելով խոչընդոտել»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է. «Մենք պետք է դուրս գանք Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի դեմ եւ տապալենք եւ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀԿ-ին, եւ այսպես կոչված բարեփոխումները: Պետք է անցնենք ոչ միայն Մելիք-Ադամյան փողոցով, այլեւ Նալբանդյան փողոցով եւ քանդենք այնտեղի Բաստիլը՝ ներկայիս ԱԱԾ, ԿԳԲ, ՆԿՎԴ ու հիմնադրենք մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանը»:

Այդ մտքերի եւ կոչերի համար ԱԱԾ-ն սպառնացել է պատասխանատվության կանչել Զարուհի Փոստանջյանին: