Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ չի կարելի հավասարության նշան դնել: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով նախօրեին հակառակորդի կողմից հայկական գյուղերի գնդակոծման դեպքին:
«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը գնդակոծում մեր բնակավայրերը, կան զոհեր, որոնք խաղաղ բնակիչներ են: Այստեղ դիվանագիտությունը, Զինված ուժերը, մենք բոլորս, անելիք ունենք այս ուղղությամբ: Ցավալի է, որ փորձում են հավասարության նշան դնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, որովհետեւ այս պարագայում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է: Մենք պաշտպանվողի դերում ենք, մեզ վրա են հարձակել, ուստի հավասարության նշան չպետք է լինի: Յուրաքանչյուր պաշտոնյա այս ուղղությամբ պետք է աշխատանք տանի, որ Հայաստանի վրա այսօր նորից տեղի է ունենում հարձակում Ադրբեջանի կողմից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ Հայաստանը պաշտպանվողի դերում է, ոչ թե հարձակվողի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 24-ին երեկոյան գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ն էլ վիրավորվել են:




























