«Ոչ» ասողներից եւ ոչ մեկը չի ցանկանում բովանդակային քննարկման մասնակցել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Պետք է համեմատենք այն ինչ ունենք, եւ այն, ինչ առաջարկում են: Եկեք Սահմանադրության նոր նախագծի բովանդակային մասը քննարկենք: Ոչ ասողներից եւ ոչ մեկը չի ուզում բովանդակային քննարկման մասնակցել: Ասում են՝ ով գնացել է նախագահի հետ հանդիպման, դավաճան է, իսկ ով չի գնացել, հերոս է, այ քեզ բան»,- ասաց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում են մարդիկ, որոնք ժամանակին իշխանության մաս են կազմել իրենց իսկ գովերգող Սահմանադրության օրոք:
«Համոզված չեմ, որ հասարակությունը գոհ էր այդ ժամանակվա Սահմանադրությունից: Իսկ այսօր ամեն ինչ պետք է անել, որ առանց կեղծիքների լինի հանրաքվեն: Մեզ այլ բան պետք է մտահոգի, որ հենց իշխանության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք դեմ կլինի նախագծին: Մյուս կողմից էլ «Ոչ»-ի ճակատում կան մարդիկ, որոնք դեմ չեն, սակայն վախենում են հաճախորդի կամ դավաճանի պիտակից»- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն քննարկվել է Ազգային ժողովում: Նախատեսվում է, որ այն քվեարկության կդրվի հոկտեմբերի սկզբին, իսկ արդեն դեկտեմբերին կլինի հանրաքվեն:





























