ՌԴ Քննչական կոմիտեն վավերագրական ֆիլմ է պատրաստել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին: Այն ստեղծվել է տեսադիտարկման խցիկների տեսագրություններից ստացված ապացույցները հավաքելու արդյունքում, հայտնում է «Կոմերսանտը»:

Քննչության պատրաստած տեսագրությունների բազայի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 17-ին ՝ մեղադրյալ Անզոր Գուբաշեւի հարցաքննության ժամանակ: Երբ գործի ֆիգուրանտը հրաժարվել է իր խոստովանական ցուցմունքներից, քննիչը նրան ցույց է տվել մի տեսագրություն, որը ինչպես ենթադրում են ՌԴ ՔԿ-ում՝ հաստատում է իրադարձությունների այն վարկածը, որը Գուբաշեւը մինչ այդ էր շարադրել:

Կադրերում երեւում է, որ փետրվարի 27-ին ՝ 22:39-22:51 ժամանակահատվածում ինչ- որ տղամարդիկ են տեղաշարժվում Կարմիր հրապարակի ձախ կողմում: Նրանք դուրս են գալիս ԳՈՒՄ -ի մոտից, որտեղ այն սրճարանն էր, որտեղ Նեմցովն անց է կացրել իր վերջին երեկոն ու շարժվում դեպի Վասիլեւսկի զառիվայր, այնուհետեւ նույն ճանապարհով հետ են գալիս: Քննչության վարկածով, կադրերում պատկերված են Բեսլան Շավանովը, ով զոհվել է ձերբակալության պահին եւ Անզար Գուբաշեւը: 40 րոպե հետո քաղաքական գործչին սպանել են նկարահանման վայրից 500 մետր հեռավորության վրա, Մեծ Մոսկվորեցկի կամուրջի վրա: Սպանության պահը ֆիլմում չկա:

Գուբաշեւին ցուցադրված տեսագրությունը, թերթի տեղեկություններով, չի ազդել ՝ խոստովանական ցուցմունքներից հրաժարվելու նրա որոշման վրա: Գործի հիմնական ֆիգուրանտի դատապաշտպան Զաուրա Դադաեւան ֆիլմն անվանել է ավելի շատ «գեղարվեստական, այլ ոչ թե փաստագրական»: